Սիրիայի բնակիչները հումանիտար օգնության կարիք կունենան դեռևս մի քանի տարի․ ՄԱԿ

Օրեր առաջ Նյու Յորքում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սիրիայում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ալի ազ-Զաթարին հայտարարել է, որ Սիրիայում մոտ 13 մլն բնակիչ հումանիտար օգնության կարիք ունի։ Սիրիայի բնակիչներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար նախատեսված է 3․8 մլրդ դոլարի չափով գումար հատկացնել, սակայն ՄԱԿ-ի գործակալություններին դեռևս հաջողվել է հավաքել պահանջվող գումարի միայն 45 տոկոսը։ «Այս տարի մարդասիրական խնդիրներին արձագանքելու համար անհրաժեշտ միջոցների գումարը գնահատվել է 3․8 մլրդ դոլար։ Ներկայումս մենք հավաքել ենք մոտ 1․4 մլրդ դոլար, այսինքն՝ պահանջվող գումարի մոտ 45% -ը։ Սիրիայում մոտ 13 մլն բնակիչ հումանիտար օգնության կարիք ունի։ Հալեպի և Դամասկոսի տարածաշրջաններում տեղահանված բնակիչների թիվը կազմում է 6․2 մլն։ Սակայն Սիրիայում օգնության կարիք ունեն ոչ միայն սիրիացիները, այլ նաև՝ երկրում բնակվող Սուդանի, Իրաքի և Պաղեստինի փախստականները»,- հայտարարել է ճեպազրույցի ժամանակ Սիրիայում ՄԱԿ-ի մշտական համակարգողը։ Վերջինս շեշտել է, որ ՄԱԿ-ը փորձում է աջակցել բոլոր նրանց, ովքեր օգնության կարիք ունեն՝ անկախ նրանց ազգային պատկանելիությունից։

Ալի ազ-Զաթարին համոզված է, որ մոտ ապագայում սիրիացիները չեն կարող գոյատևել առանց օգնության: Նրա խոսքերով՝ սիրիացիներին հատկացվող հումանիտար օգնության ծախսերը չեն կարող կրճատվել 2019 թվականին, և նույնիսկ՝ 2020 թվականից հետո։ Սիրիայում ՄԱԿ-ի մշտական համակարգողը նաև նշել է, որ վերջերս Սիրիա են վերադարձել ավելի քան 120 հազար փախստական: «Մենք մեր պարտքն ենք համարում ամեն կերպ օգնել փախստականներին և մշտապես սնունդ ու դեղորայք ենք հատկացնում նրանց։ Մեր անձնակազմին արդեն թույլատրվել է նաև ահաբեկչական հարձակումների ենթարկված քաղաքներ այցելել»,- հավելել է նա։

Երբ Սիրիայում ՄԱԿ-ի մշտական համակարգողին խնդրել են մեկնաբանել այն ենթադրությունը, որ Սիրիայի վերականգնման գործընթացը կավարտվի միայն 50 տարի հետո, նա զերծ է մնացել որևէ կանխատեսումից` նշելով, որ ամեն ինչ կախված է Սիրիայում տիրող իրավիճակից և երկրի վերականգնման համար իրականացվող ծրագրերի ֆինանսավորումից։ Իր ելույթի ավարտին Սիրիայում ՄԱԿ-ի մշտական համակարգողը տեղեկացրել է, որ այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակներում օգնության համակարգող Մարկ Լոկոկը և Սիրիայի պատվիրակությունը նոր պայմանավորվածություն են ձեռք բերել՝ Սիրիայի բնակիչներին և փախստականներին անհրաժեշտ հումանիտար օգնության ծավալի գնահատման և այդ օգնությունը հատկացնելու համար արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։