Չինաստանը պահանջել է պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ 

Չինաստանը հայց է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) և պահանջել է 7 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ առևտրային պատժամիջոցներ սահմանել ամերիկյան արտադրանքի ապրանքների ներմուծման համար, քանի որ ԱՄՆ-ն հրաժարվել է հետևել ԱՀԿ կանոններին: Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտարարել է ԱՀԿ մամուլի ծառայությունը։ 

ԱՀԿ մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ ԱՀԿ Վեճերի կարգավորման մարմինը կքննարկի ԱՄՆ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջի մասին Չինաստանի ներկայացրած հայցն այս տարվա սեպտեմբերի 21-ին։ Հայտնի է, որ Չինաստանի իշխանությունները պահանջել են ԱՀԿ-ից ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների դեմ պատասխան քայլեր ձեռնարկել, քանի որ ԱՄՆ իշխանությունները չեն իրագործել ԱՀԿ արբիտրների խմբի կայացրած որոշումները։ Մասնավորապես՝ Չինաստանը պահանջել է 7 մլրդ դոլար արժողությամբ առևտրային պատժամիջոցներ սահմանել Չինաստան ներմուծվող ամերիկյան արտադրանքի ապրանքների համար։

Հիշեցնենք, որ 2013 թվականին Չինաստանը բողոք է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ ԱՀԿ՝ Չինաստանից մեքենաշինական, էլեկտրոնիկայի, թեթև արդյունաբերության, մետաղական արտադրանքի և այլ ապրանքների արտահանման գումարը ավելի քան 8 մլրդ դոլար գումարի չափով նվազեցնելու որոշման վերաբերյալ։ 2016 թվականին ԱՀԿ արբիտրների խումբը որոշել է, որ ԱՄՆ-ի դեմ Չինաստանի ներկայացրած բողոքն օրինական հիմքեր ունի և կարգադրել է ԱՄՆ-ին մինչև նույն թվականի օգոստոսի 22-ը չեղարկել նախկինում կայացված որոշումը։ Սակայն ԱՄՆ Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ չինական արտադրանքի ապրանքների ներմուծման գները համապատասխանեցվել են ԱՄՆ-ի ներքին շուկայի գներին։ Այսպիսով, ԱՄՆ-ն չի իրագործել ԱՀԿ արբիտրների խմբի կայացրած որոշումը։

ԱՄՆ-ն բազմիցս քննադատել է ԱՀԿ-ի գործունեությունը և հայտնել է, որ պատրաստվում է դադարեցնել ԱՀԿ-ին իր անդամակցությունը, եթե կազմակերպությունում բարեփոխումներ չիրականացվեն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերով՝ ԱՀԿ-ն նախապատվություն է տալիս Չինաստանին և անարդար վերաբերմունք է դրսևորում ԱՄՆ-ի նկատմամբ։