Նախարար Հակոբ  Արշակյանն ընդունել է Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ
Արշակյանը հոկտեմբերի 9-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ
Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և
լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին։ Դեսպանը շնորհավորեց նախարարին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ,ապա անդրադարձավ երկու երկրների միջև արդեն առկա համագործակցությանը՝ ընդգծելով հատկապես Լոնդոնում կայացած բրիտանական մի շարք կազմակերպությունների և ՏՏ ոլորտի 17 հայկական ընկերությունների և գործարար կառույցների ներկայացուցիչների հանդիպումները։
Նախարար Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի
համար, կարևորեց երկու երկրների միջև գործակցությունն առավել ակտիվացնելու
և ընդլայնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ գործակցության մի շարք
հնարավորություններ։ Կարևորվեց Հեռահաղորդակցության միջազգային միության
(ITU) հերթական համաժողովում մեր երկրի ներկայացված լինելու
անհրաժեշտությունը։

Անդրադարձ եղավ նաև տեխնոլոգիական բուհերի հետ համատեղ կրթական և
գիտահետազոտական ծրագրեր իրականացնելու հեռանկարներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են 5G-ն և կիսահաղորդչային տեխնոլոգիաները։

Հակոբ Արշակյանն ընդգծեց, որ նախարարությունը բաց է համագործակցության
համար և պատրաստակամ է առաջիկայում առավել մանրամասն քննարկելու հետագա գործունեության հետ կապված ծրագրերը։