ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում արգելել կանանց կուսության ստուգումների իրականացումը 

ՄԱԿ-ի փորձագետները կոչ են անում արգելել կանանց կուսության ստուգումների իրականացումը։ Ներկայումս աշխարհի առնվազն քսան երկրներում կուսության ստուգումներ են իրականացվում։ Կանանց կուսության ստուգումը՝ որպես բժշկական փորձաքննություն, իրականացվում է, հիմնականում, բժիշկների կողմից։ Հաճախ նման ստուգումներ են իրականացնում նաև ոստիկանության աշխատակիցները՝ աղջկա ծնողների կամ պոտենցիալ փեսացուի պահանջով, որպեսզի համոզվեն, որ աղջիկը մինչամուսնական սեռական հարաբերությունների մեջ չի մտել և պահպանել է կուսությունը: Որոշ երկրներում կուսության թեստեր են կատարում նաև աշխատանքի անցնելու համար, քանի որ նման ընթացակարգով գնահատվում է կանանց և աղջիկների առաքինությունը և սոցիալական դիրքը։

Հաճախ նման փորձաքննության են ենթարկվում սեռական բռնության ենթադրյալ զոհերը՝ բռնաբարության դեպքերը պարզելու համար։ ՄԱԿ-ի փորձագետները կարծում են, որ կանանց կուսության ստուգումը նվաստացուցիչ ընթացակարգ է, որը խախտում է կանանաց և աղջիկների իրավունքները և բացասական ազդեցություն է թողնում նրանց հոգեբանական, ֆիզիկական և սոցիալական բարեկեցության վրա։ Այս մասին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակները և «ՄԱԿ-կանայք» կառույցները՝ Բրազիլիայում կայացած Գինեկոլոգիայի և մանկաբարձության XXII համաշխարհային կոնգրեսի բացմանը։

«Կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարելու և նրանց իրավունքները պաշտպանելու գործընթացի համատեքստում մենք կոչ ենք անում դադարեցնել այդ ցավոտ, նվաստացուցիչ և վնասակար ստուգումների իրականացումը»,-հայտարարել են իրենց ելույթի ժամանակ ՄԱԿ-ի փորձագետները։