Կուրսանտի սպանության գործով ամբաստանյալի համար նոր պաշտպան կներգրավվի

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպանը չէր ներկայացել դատարան:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորքի նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանը հայտնեց որ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հարությունյանը զանգահարել է դատարան և հայտնել, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկա գտնվել նիստին և հնարավոր է, որ այլևս չկարողանա իրականացնել Մովսես Ազարյանի պաշտպանությունը:

Դատավորը փորձեց ճշտել ամբաստանյալից, արդյո՞ք նա կցանկանա ունենալ հանրային պաշտպան, սակայն ամբաստանյալը հայտնեց, որ հանրային պաշտպանի կարիք չկա և իր ծնողները զբաղվում են փաստաբան գտնելու հարցերով:

Դատական նիստը որոշ ժամանակով ընդմիջվեց, որպեսզի դատավորի տրամադրած հեռախոսով Մովսես Ազարյանը կապ հաստատի ծնողների հետ և ճշտի, արդյոք մյուս դատական նիստին նոր փաստաբանը կներկայանա դատարան:

Մովսես Ազարյաննն էլ ծնողների հետ խոսելուց հետո դատարանին տեղեկացրեց, որ ծնողներն արդեն զբաղվում են այդ հարցով և մյուս շաբաթ փաստաբանը կներկայանա, հնարավոր է նաև, որ իր պաշտպանությունն իրականացնի գործով փաստաբաններից որևէ մեկը:

Արդյունքում դատարանը որոշեց հետաձգել նիստը: Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 9-ին:

Տուժողի իրավահաջորդ Արկադի Բարսեղյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ կարելի էր ավելի շուտ տեղեկացնել փաստաբանի չգալու վերաբերյալ, որպեսզի նման խնդիրների առաջ չկանգնեին:

«Բայց, թե հիմա ոնց կլինի փաստաբանի հարցը չեմ կարող ասել, երևի վերջը հանրային պաշտպան կլինի, բայց դե նրանց աշխատանքն էլ շատ ծանրաբեռնված է և չգիտեմ հանրային պաշտպանը կկարողանա ամեն երկուշաբթի գալ և պաշտպանել Մովսես Ազարյանին»,- ասաց նա՝ նշելով, որ ճիշտ կլիներ, որ գործով փաստաբանները զբաղվեին Ազարյանի պաշտպանությամբ, քանի որ նոր փաստաբանը մի ամբողջ ամիս պետք է գործին ծանոթանա, ինչի պատճառով նիստերը նորից կհետաձվեն:

Հիշեցնենք, որ սույն քրեական գործով ցուցմունք են տվել ամբաստանյալներ Գնել Թևոսյանն ու Վաչե Սահակյանը, վերջիններս չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքը և դատարանում հայտնել են, որ իրենց և գործով վկաների նկատմամբ Ռազմական ոստիկանությունը ճնշումներ է իրականացրել: Գործով մյուս ամբաստանյալներ Նորիկ Սահակյանն ու Վարազդատ Սաֆարյանըն էլ հրաժարվել են ցուցմունք տալուց: Առաջիկայում ցուցմունք պետք է տա Մովսես Ազարյանը:

Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: