Խոսրով Ավագյանն ընդդեմ Հայաստանի

Դիմումատուն՝ Խոսրով Ավագյանը, ազգությամբ հայ է, ծնվել է 1946 թվականին, բնակվում է Երևանում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ սպանության դեպքի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում դատական փորձագետներին հարցաքննության ենթարկելու պահանջով իր ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ այդ փորձագետների ներկայացրած դատաբժշկական եզրակացությունները վճռորոշ հիմք են հանդիսացել իրեն ցմահ ազատազրկման դատապարտելու որոշման կայացման համար։

2006 թվականին Դիմումատուն ծանոթություն է հաստատել և ստանձնել է մի տարեց կնոջ խնամակալությունը։ Վերջինս և նրա քույրը մահացել են 2007 թվականի հունվարին։ Երկու կանանց մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Գործի շրջանակներում իրականացված հետաքննության արդյունքում Դիմումատուի մոտ հայտնաբերվել է հանգուցյալի կողմից կազմված կտակը, որի համաձայն՝ նրան սեփականության իրավունքով պատկանող բնակարանը ժառանգել է Խոսրով Ավագյանը:

Գործի շրջանակներում կատարված նախնական դիահերձման արդյունքում պարզվել է, որ տարեց կինը և նրա քույրը երկար ժամանակ տառապել են հիպոթերմիա (մարմնի ընդհանուր սառեցում) հիվանդությունից, և մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթների արյան շրջանառության սուր խանգարման արդյունքում: 2007 թվականի հունիսին այդ կանանց զարմուհին բողոք է ներկայացրել՝ նշելով, որ տարեց կնոջ կամքով նախկինում կազմված կտակի համաձայն՝ իրականում բնակարանը կտակվել է իրեն։ Այնուհետև, տեղի իշխանությունը հետաքննություն է սկսել։ Իրավապահ մարմինների կարգադրությամբ՝ նոր դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել։ Բժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել է, որ երկու քույրերը մահացել են ֆոսֆորի թունավորման հետևանքով։

2007 թվականի սեպտեմբերին Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ բնակարանի տիրանալու և սեփական շահի համար սպանության երկու դեպք իրականացնելու համար։ Այնուհետև, Դիմումատուին տեղափոխել են կալանավայր։ Քրեական դատավարության ժամանակ Դիմումատուն բազմիցս դիմել է դատական ատյաններին՝ փորձագետներին հարցաքննության ենթարկելու և նրանց դատարան կանչելու պահանջով։ Դիմումատուն բողոքել է, որ փորձագետները հակասական դատաբժշկական եզրակացություններ են ներկայացրել։ Այնուամենայնիվ, ներպետական դատական ատյանները մերժել են փորձագետներին հարցաքննության ենթարկելու պահանջով Դիմումատուի ներկայացրած բոլոր հայցերը։

2008 թվականի հոկտեմբերին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Դիմումատուին՝ շահույթ ստանալու նպատակով ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության 2 դեպք իրականացնելու համար։ Դատարանի կայացրած վճռի համաձայն՝ Դիմումատուն դատապարտվել է ցմահ ազատազրկման։ Դիմումատուն բողոքել է Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, ապարդյուն։ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ Խոսրով Ավագյանի նկատմամբ կայացված դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, և բողոքը մերժվել է: Հայտնի է նաև, որ Առաջին ատյանի դատարանում և Վերաքննիչ քրեական դատարանում գործը քննվել է Դիմումատուի բացակայությամբ:

Դիմումատու Ավագյանը բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք) խախտում։ Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի դրույթների համաձայն՝ քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին, Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել նաև կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։

Այսպիսով, Դիմումատուն բողոքել է փորձագետներին հարցաքննության ենթարկելու և վերջիններիս ներկայացրած դատափորձագիտական եզրակացությունները վիճարկելու համար իր ներկայացրած պահանջները մերժելու Դատարանի կայացրած որոշման արդարացիության մասին։ Դիմումատուն նաև բողոքել է, որ Դատարանն իրեն դատապարտելու մասին մեղադրական վճիռ կայացնելիս հաշվի է առել միայն փորձագետների ներկայացրած ոչ արժանահավատ և հակասական եզրակացությունները։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Դիմումատու Ավագյանի նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում և 6-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Հայաստանը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 900 եվրո գումարի չափով փոխհատուցում։

Վերոգրյալ գումարը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։