Լույս է տեսել Տարոն Սիմոնյանի ԱՐԲԱՆԷ․ «և զարթնում է լաոն» գիրքը

Հոկտեմբերի 22-ին  կայացավ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, ի․գ․թ, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ․ Տարոն Վարդանի Սիմոնյանի գրքի շնորհանդեսը։ Գիրքը կոչվում է՝ ԱՐԲԱՆԷ․ «և զարթնում է լաոն»։Գիրքը նվիրված է հայ ազգի էության քաղաքակրթական հասունացման ընթացքին։ Այդ ընթացքը պայմանականորեն բաժանելով փուլերի՝ որոշակիացվում են ազգային համակեցության կազմակերպման, այն պետականության միջոցով կատարելագործելու և ազգային ներուժի արտահայտման հնարավորությունների ընդարձակման ուղիները։ Գիրքը սրանով լույս է սփռում այնպիսի հարցերի վրա, ինչպիսիք են՝ ո՞րն է հայ մարդու և ազգի՝ կյանքի նկատմամբ վերաբերմունքի առանձնահատկությունը, ապրելու շարժիչ ուժը, ի՞նչ դեր ունի և պետք է ունենա պետականությունը հայ մարդու և ազգի կենսագործունեությունում և, ի վերջո, համամարդկային մակարդակում ո՞րն է հայ ազգի քաղաքակրթական առաքելությունը և կենսիմաստը։ Այսպես է հեղինակը խոսում  արդեն մեծ ուշադրություն գրաված գրքի մասին։

Հեղինակը գիրքը սկսել է գրել մեկ տարի առաջ, կամ ինչպես ինքն է ասում, մեկ տարի առաջ գրել է առաջին մի քանի նախադասություննեը։

«Գիրքը գրելու գաղափարը ծագեց այն մտքից, որ մեր՝ հայկական իրականությունում կան իրավական, քաղաքական, սոցիալ-հոգեբանական խնդիրներ, որոնք լուծում չեն ստանում՝ անկախ նրանից, թե ինչ ջանքեր են գործադրվում դրանց լուծման համար։ Հետազոտություն արդյունքում հանգեցի այն հիմնաքարային խնդրին, որ դրանց արմատական պատճառը ազգային ինքնության հետ կապված հարցերն են և հայ ազգի էության քաղաքակրթական հասունացման թերի մակարդակը։ Արդյունքում ձեռնամուխ եղա այդ հասունացման գործընթացի հայտնաբերմանը, պետականության դերի՝ որպես ազգայի գիտակցության տարրի որոշակիացմանը և երբեմն էլ ՝ մշակմանը»,- նշում է Տարոն Սիմոնյանը։

Ամբիոնից հեղինակին շնորհավորեցին Փաստաբանների պալատի և ԵՊՀ-ի գործընկերներն ու  պատգամավորներ։

Հետաքրքրություն առաջացրած գրքի վերնագիրը Տարոն Սիմոնյանը բացատրեց՝ այն է, ինչի մասին խոսել է գրքում՝ արարում, բանականություն, էություն։

«ԱՐԲԱՆԷ»-ն, հեղինակի առաջին գործը չէ։ Երիտասարդ հեղինակը երկու մենագրության, հինգ ուսումնական ձեռնարկի և երեք տասնյակ հոդվածների հեդինակ է։

Հաջորդ շաբաթվանից գիրքը հասանելի կլինի գրախանութներում։