Երեք կարևոր հանգամանքներ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մասին

Այս տարվա հոկտեմբերի 3-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասնակիորեն բավարարել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցը։ Այն վերաբերում է Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։ Դատարանը վճռել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է դադարեցնել ընթացիկ տարվա մայիսի 8-ին Իրանի նկատմամբ սահմանված մի շարք պատժամիջոցների կիրառումը։ Խոսքը վերաբերում է այն պատժամիջոցներին, որոնք առնչվում են Իրանի Իսլամական Հանրապետության հումանիտար օգնության ոլորտին և քաղաքացիական ավիացիային։

Ներկայումս Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն շարունակում է Իրանի նկատմամբ անուղղակի պատժամիջոցներ կիրառել՝ օրինական հիմքերի բացակայության պայմաններում։ Իրանի իշխանությունները բողոքում են, որ այդ պատժամիջոցները, ի թիվս այլ բաների, հանգեցրել են Իրանի Կենտրոնական բանկի 2 մլրդ դոլար ընդհանուր գումարի չափով ակտիվների սառեցմանը: Իրանը նաև հայց է ներկայացրել Միջազգային դատարան՝ հակաիրանական պատժամիջոցների կիրառումը դադարեցնելու և արտասահմանյան հաշիվներում իրանական ակտիվների բռնագրավված գումարը փոխհատուցելու պահանջի վերաբերյալ: Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշումը հանգեցնում է Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների լիարժեք իրականացմանը, ներառյալ՝ անուղղակի պատժամիջոցների, որոնք սպառնում են նաև Իրանի հետ համագործակցող ԱՄՆ քաղաքացիություն չունեցող անհատներին և ոչ ամերիկյան ընկերություններին։

2018 թվականի մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից» հեռանալու իր որոշման մասին։ Նշենք՝ «Միջուկային զենքը չտարածելու մասին» համաձայնագիրը կնքվել է 2016 թվականի հունվարին՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Իրանի և ԱՄՆ-ի կողմից։ Համաձայնագիրը դադարեցնելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշումը հանգեցրել է Իրանի նկատմամբ նախկինում սահմանված պատժամիջոցների վերականգնմանը, որոնց կիրառումը դադարեցվել էր ԱՄՆ նախկին նախագահ Օբամայի օրոք՝ «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» դրույթների համաձայն։ Ներկայումս Իրանի նկատմամբ մի շարք պատժամիջոցներ են կիրառվում, որոնք ուղղակի և անուղղակի ազդեցություն են թողնում Իրանի վրա։ Այդ պատժամիջոցներն օժտված են աշխարհում Իրանի հետ համագործակցող ցանկացած անձի կամ ընկերության վրա ազդելու ներուժով։ Ստորև ներկայացված են վերջին շրջանում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների հետ կապված կարևոր 3 հարցերի պատասխանները։

1․ Ի՞նչ վտանգների են բախվում ԱՄՆ քաղաքացիություն չունեցող անհատները և ոչ ամերիկյան ընկերությունները։

Անուղղակի պատժամիջոցները նախատեսված են ԱՄՆ քաղաքացիություն չունեցող անձանց որոշակի գործողությունները կանխարգելելու և նրանց տուգանելու համար։ Այս պատժամիջոցները չեն կարող ընդգրկվել նախնական պատժամիջոցների մեջ։ «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից» հեռանալու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշման ամենակարևոր հետևանքն անուղղակի պատժամիջոցների վերանշանակումն է, որոնք կիրառվում են ոչ ամերիկյան ձեռնարկությունների և ոչ ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ՝ նույնիսկ ԱՄՆ-ի հետ օրինական կապի բացակայության պարագայում։ 2018 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ-ն վերասահմանել է անուղղակի պատժամիջոցների նախնական փուլը։ 2018 թվականի նոյեմբերի 5-ի դրությամբ՝ «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» շրջանակներում կասեցված բոլոր անուղղակի պատժամիջոցները վերականգնվել են։

Այս տարվա նոյեմբերի 5-ին ԱՄՆ ֆինանսների նախարարի հետ կայացած համատեղ մամուլի ասուլի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն հարձակողաբար կկիրառի իր պատժամիջոցները՝ նախազգուշացնելով ամբողջ աշխարհի գործարարներին խուսափել սահմանված միջոցների խախտումներից։

Անուղղակի պատժամիջոցները նախատեսված են ոչ ամերիկյան սուբյեկտներին պատժելու համար, որոնք կնքել են որոշակի գործարքներ և ներգրավված են Իրանի տնտեսության որոշակի ոլորտներում։ Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիություն չունեցող անհատը, ով համագործակցում է «Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի» (OFAC) «Հատուկ նշանակված քաղաքացիների» (Specially Designated Nationals) և «Արգելափակված իրավաբանական անձանց ցուցակի» (Blocked Persons List) (SDN List) մեջ ներգրավված Իրանի տնտեսության որոշակի հատվածների հետ, կարող է բախվել ԱՄՆ-ի կողմից կիրառվող անուղղակի պատժամիջոցներին։ Իրանի նման ներկայացուցիչները «SDN List»- ի մեջ հատուկ գրառում ունեն, որն է՝ «Լրացուցիչ պատժամիջոցների մասին տեղեկատվություն` անուղղակի պատժամիջոցների առկայության դեպքում»։

Իրանի նկատմամբ սահմանված անուղղակի պատժամիջոցները կազմված են պատիժների կանխորոշված ցանկից։ Դրանք ներառում են՝ ԱՄՆ իրավասության ենթակայության տակ գտնվող արտարժույթով իրականացվող գործարքների արգելումը, Բանկի կողմից արտահանման-ներմուծման օժանդակության մերժումը, ԱՄՆ արտահանման արտոնագրերի մերժումը, ամերիկյան ֆինանսական հաստատություններից որոշ վարկերի մերժումը, ԱՄՆ-ում պետական գնումների վրա արգելքը և պատժամիջոցների գործողության արգելափակումը։

2․ Սահմանափակվա՞ծ են, արդյոք, ոչ ամերիկյան ֆինանսական հաստատություններն Իրանի հետ համագործակցության հնարավորությունից։

Անուղղակի պատժամիջոցները, առաջին հերթին, նախատեսված են Իրանի համար միջազգային ֆինանսական շուկայի հասանելիությունը սահմանափակելու համար, ներառյալ՝ ԱՄՆ-ի տարածքից դուրս տեղակայված շուկաները։ Այսպիսով, ԱՄՆ-ի կողմից սահմանված անուղղակի պատժամիջոցները թիրախավորված են ոչ ամերիկյան ֆինանսական հաստատությունների դեմ, որոնք մասնակցում են Իրանին առնչվող որոշակի գործարքներին, ներառյալ՝ Իրանի Կենտրոնական բանկի հետ գործարքները և «SDN List»-ի մեջ նշանակված որոշ իրանական ֆինանսական հաստատությունների հետ գործարքները։
Իրեն հաճախ տրվող հարցերում «Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը» նշում է, որ ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի Կենտրոնական բանկին և իրանական ֆինանսական հաստատություններին մասնագիտացված ֆինանսական գործարքների և ծառայությունների մատակարարման պատժամիջոցները։ Աշխարհից Իրանի բանկային ոլորտը մեկուսացնելու նպատակի հետապնդման հետ մեկտեղ, այս պատժամիջոցը հատկապես նախատեսված է «Համաշխարհային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության միությունը» (SWIFT) թիրախավորելու համար, որն էլ գլոբալ ֆինանսական հաղորդակցության ծառայություններ է տրամադրում։ Անուղղակի պատժամիջոցներ վերասահմանելու մասին 2018 թվականի նոյեմբերի 2-ին իր կատարած դիտողություններում ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը նշել է, որ SWIFT-ը կենթարկվի անուղղակի պատժամիջոցների՝ մինչև որ այն իր ցանցից չանջատի հատուկ նշանակված իրանական ֆինանսական հաստատությունները՝ տեխնոլոգիապես իրագործելի լինելուն պես։

Հաշվի առնելով այս և այլ գործնական դժվարությունները, որոնց հետ ոչ ամերիկյան ֆինանասական հաստատությունները կարող են բախվել Իրանի հետ ապրանքների և ծառայությունների նույնիսկ չսանկցավորված առևտրի ժամանակ՝ այդ ֆինանսական հաստատությունները, հավանաբար, էական դերակատարում կունենան՝ նման առևտրի հնարավոր լինելը որոշելու գործում։
Վերջին տարիներին ոչ ամերիկյան բանկերն ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառման հարկադիր բնույթի գործողությունների հիմնական թիրախն են հանդիսացել։ Այդ բանկերը հաճախ հրաժարվում են կատարել Իրանի հետ կապված վճարումները կամ ֆինանսական կապ հաստատել այդ երկրի հետ, նույնիսկ, եթե նման գործունեությունը կարող է թույլատրվել ԱՄՆ պատժամիջոցների ներքո:
Միջազգային բանկային համակարգի վրա այս բացասական ազդեցությունը, անշուշտ, կպահպանվի նաև հետագայում՝ դժվարացնելով ընկերությունների համար Իրանի հետ նույնիսկ չսանկցավորված գործարքների իրականացումը։

3․ Ինչպե՞ս է տեղի ունենալու անուղղակի պատժամիջոցների կիրառման գործընթացը։

Քանի որ ԱՄՆ-ի սահմանած անուղղակի սանկցիաները, հիմնականում, արտաքին քաղաքականության գործիքներ և պատժամիջոցներ են հանդիսանում, դրանք կիրառվում և հարկադրաբար իրագործվում են և՛ Պետական դեպարտամենտի, և՛ «Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի» (OFAC) կողմից։

«Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը»՝ Պետական դեպարտամենտի հետ խորհրդակցելով, առաջնային պատասխանատվություն է կրում արգելափակման կամ անուղղակի պատժամիջոցների թղթակցային հաշիվ սահմանելու համար, որոնք վերաբերում են՝

• Իրանի կառավարության կողմից ԱՄՆ-ի թղթադրամի կամ թանկարժեք մետաղների գնմանը կամ տիրապետմանը,
• Իրանի Կենտրոնական բանկի և Իրանի ազգային նավթային ընկերության հետ գործարքներին,
• «Հատուկ նշանակված քաղաքացիների» և «Արգելափակված իրավաբանական անձանց ցուցակի» (SDN List) հետ գործարքներին,
• Անձանց, ովքեր առնչվում են Իրանի էներգետիկայի, նավագնացության, նավերի բեռնափոխադրման և նավաշինության ոլորտների հետ, կամ շահագործում են Իրանի նավահանգիստը,
• Իրանի ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի հետ կապված օգտագործվող ապրանքներին կամ ծառայություններին։
Պետական դեպարտամենտը՝ խորհրդակցելով «Արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակի» հետ, առաջնային պատասխանատվություն է կրում անուղղակի լրացուցիչ պատժամիջոցների սահմանման համար, որոնք վերաբերում են՝
• Իրանի ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի հետ կապված օգտագործվող ապրանքներին կամ ծառայություններին,
• Իրանից նավթի կամ նավթամթերքի գնմանը, տիրապետմանը, վաճառքին, փոխադրմանը, սպառմանը կամ իրացմանը,
• Իրանից նավթաքիմիական արտադրանքի գնմանը, տիրապետմանը, վաճառքին, փոխադրմանը, սպառմանը կամ իրացմանը:

Մոտ ապագայում ոչ ամերիկյան ընկերությունները, որոնք ձգտում են համագործակցել Իրանի հետ, կարող են բախվել ԱՄՆ-ի կողմից անուղղակի պատժամիջոցների կիրառման հետևանքով աճող ճնշմանը։ Ուստի, շատ երկրներ այսուհետ պետք է գնահատեն նման համագործակցության հնարավոր ռիսկերը։ Եվրամիությունը և «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի» մասնակիցները ջանք չեն խնայում՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու և դրանց կիրառումը դադարեցնելու համար։ Այնուամենայնիվ, միջազգային գործարարներն արդեն սկսել են հրաժարվել իրանական շուկայից։ Ակնհայտ է, որ նրանք խուսափում են իրենց գործունեությունը վտանգելուց և ամերիկյան շուկա մուտք գործելու հնարավորությունից զրկվելուց։