Բրազզին ընդդեմ Իտալիայի 

Դիմումատուն՝ Մարկո Բրազզին, Իտալիայի և Գերմանիայի քաղաքացի է, ծնվել է 1965 թվականին։ Դիմումատուն բնակվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքում և գրանցված է արտասահմանում ապրող իտալացիների հայտարարագրերի ռեեստրում։ Գործը վերաբերում է Դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող տանը խուզարկություն կատարելու մասին Իտալիայի հարկային մարմինների կայացրած որոշմանը։ 

2009 թվականին Դիմումատուն Իտալիայում բնակարան է ձեռք բերել, որտեղ ուսումնական տարվա ընթացքում բնակվել են նրա կինը և երեխաները։

2010 թվականի հուլիսին Իտալիայի Մանտովա քաղաքի քննչական մարմինները քրեական գործ են հարուցել Դիմումատուի դեմ՝ հարկերի վճարումից խուսափելու կասկածանքով։

Հիմք ընդունելով Դատախազության կողմից տրամադրված խուզարկություն կատարելու մասին թույլտվությունը՝ 2010 թվականի օգոստոսին Իտալիայում Դիմումատուին սեփականության իրավունքով պատկանող տունը խուզարկության է ենթարկվել։ Այնուամենայնիվ, խուզարկության արդյունքում փաստաթղթեր չեն բռնագրավվել։ Գործի շրջանակներում Դիմումատուն դիմում և փաստարկներ է ներկայացրել Իտալիայի հարկային մարմիններին՝ Գերմանիայում մշտական բնակություն հաստատելու վերաբերյալ։ Այնուհետև, Դիմումատուն բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան օրինական հիմքերի բացակայության պայմաններում իրեն սեփականության իրավունքով պատկանող տանը խուզարկություն կատարելու որոշման դեմ, սակայն նրա ներկայացրած բողոքը մերժվել է։ Հետագայում, Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում, 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) խախտում և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում։ Դիմումատուն բողոքել է հիմքերի բացակայության պայմաններում իր տանը խուզարկություն կատարելու որոշման օրինականության և այդ որոշումը բողոքարկելու համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի բացակայության մասին։ Սակայն Դիմումատուն իրեն պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին հայց չի ներկայացրել։

Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։