Բիլինմիշներն ընդդեմ Թուրքիայի 

Դիմումատուները՝ Մեհմեթ Էմին Բիլինմիշը և Փերիհան Բիլինմիշը, ազգությամբ թուրք են, ծնվել են համապատասխանաբար 1983 և 1982 թվականներին, բնակվում են Թուրքիայի Իզմիր նահանգում։ Գործը վերաբերում է Թուրքիայի պետական հիվանդանոցներից մեկում Դիմումատուների նորածին երեխաների մահվան դեպքին։

Գործի շրջանակներում իրականացված բժշկական փորձագիտական եզրակացությունների համաձայն՝ Դիմումատուների նորածին երեխաներից մեկը մահացել է հիվանդանոցում ձեռք բերված վարակի պատճառով։

2008 թվականի սեպտեմբերի 4-ին Թուրքիայի պետական հիվանդանոցներից մեկում ծնվել են Դիմումատուների երկվորյակները՝ Ալեյնան և Թուանան։ Այնուհետև, բժիշկները տեղափոխել են երեխաներին նորածինների համար նախատեսված հատուկ ինկուբատոր։ 2008 թվականի սեպտեմբերի 13-ին մահացել է Ալեյնան, իսկ սեպտեմբերի 20-ին՝ Թուանան։ Սեպտեմբերի 20-ին նույն հիվանդանոցում մահացել է ևս 12 երեխա՝ աղիքային վարակի պատճառով։

Դիմումատուները հիվանդանոցի բժիշկների դեմ քրեական գործ հարուցելու պահանջով հայց են ներկայացրել Դատարան։ Թուրքիայի Առողջապահության նախարարության կարգադրությամբ՝ Դիմումատուների նորածին երեխաների մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է սկսվել։ Այնուամենայնիվ, բժշկական փորձաքննության արդյունքում հիվանդանոցում տարածված վարակի ճշգրիտ աղբյուրը չի հայտնաբերվել։ Ի վերջո, սույն գործով քննիչը եզրակացրել է, որ Դիմումատուների երեխաների մահվան դեպքի առթիվ իրականացված նախաքննության արդյունքում բժիշկների և հիվանդանոցի աշխատակիցների ներգրավվածությամբ բժշկական անփութություն կամ անզգուշություն չի հայտնաբերվել։

Հիմք ընդունելով 2009 թվականի նոյեմբերին Թուրքիայի Դատախազության կայացրած որոշումը՝ դատական կարգով հետապնդում չի իրականացվել։ Հետագայում, Թուրքիայի ներպետական դատական ատյանները կասեցրել են Դիմումատուների երեխաների մահվան դեպքի առթիվ հարուցված գործը, և Իզմիրի նահանգապետը հիվանդանցի բժիշկների դեմ քրեական գործ չի հարուցել։

2010 թվականի ապրիլին Դիմումատուներն իրենց երեխաների մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին քաղաքացիական հայց են ներկայացրել Իզմիրի Վարչական դատարան, սակայն հայցը դեռևս գտնվում է քննարկման փուլում։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) խախտում։ Այսպիսով, Դիմումատուները բողոքել են պետական հիվանդանոցի բուժանձնակազմի թույլ տված բժշկական անփութության մասին։ Դիմումատուները նաև բողոքել են իրենց երեխաների մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով դատավարության երկար ժամկետի և արդյունավետ հետաքննության բացակայության մասին։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում:

Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է Դիմումատուներին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 20.000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 1․741 եվրո՝ դատական ծախսերի համար։

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։