Բելառուսը հրաժարվել է Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական օգնությունից

Բելառուսի ֆինանսների նախարարը հայտարարել է, որ Բելառուսը հրաժարվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) վարկային ծրագրից։ Նա իր հայտարարության մեջ շեշտել է, որ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ԱՄՀ վարկային ծրագրից հրաժարվելու մասին կայացված որոշումը, առաջին հերթին, պայմանավորված է բնակչության շահերով։ Բելառուսի նախագահի կարծիքով՝ ԱՄՀ-ի առաջադրած պահանջներով վարկային ծրագրի իրականացումը կարող էր «շոկ առաջացնել» բնակչության մոտ։

Ֆինանսների նախարարը նշել է, որ ԱՄՀ-ն և Բելառուսը վարկային ծրագրի իրագործման շուրջ համաձայնություն են ձեռք բերել՝ երկրում բարեփոխումներ իրականացնելու պայմանով։ Սակայն վարկային ծրագիրը չեղյալ հայտարարելու մասին որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱՄՀ-ն բարեփոխումների ծրագրի իրականացման համար Բելառուսին ավելի սեղմ ժամկետ է հատկացրել, քան նախագահի հետ նախապես համաձայնեցված ժամկետը։

«Մենք ԱՄՀ փորձագետների հետ համաձայնության էինք եկել՝ Բելառուսում բարեփոխումների ծրագիր իրականացնելու և ֆինանսական օգնություն ստանալու վերաբերյալ։ Ծրագիրը համապատասխանում էր նաև ԱՄՀ կաննոներին և սկզբունքներին։ Սակայն մենք չկարողացանք պայմանավորվածություն ձեռք բերել այդ ծրագրի իրականացման ժամկետների շուրջ և որոշեցինք չեղյալ հայտարարել համաձայնությունը»,- պարզաբանել է Բելառուսի ֆինանսների նախարարը: