Արցախի օմբուդսմենը Ասյա Խաչատրյանի հայտարարության վերաբերյալ եղած նյութերն ուղարկվել է ԱՀ գլխավոր դատախազություն

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել Ասյա Խաչատրյանի և Արցախի ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցածի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ  նշվում է, որ Պաշտպանի աշխատակազմի տրամադրության տակ եղած նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն:

«Ի պատասխան ԱՀ ոստիկանությանը հասցեագրված ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի մարտի 28-ի գրության՝ ներկայացվել են Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ մանրամասն պարզաբանումներ։

Հաշվի առնելով ներկայացված տվյալները քրեական վարույթի շրջանակներում ստուգելու անհրաժեշտությունը՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ապրիլի 6-ի գրությամբ՝ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ԱՀ գլխավոր դատախազություն»։

Հիշեցնենք, որ օրերս ԶԼՄ֊ներից մեկում ՀՀ քաղաքացի  Ասյա Խաչատրյանը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ որ ոստիկանների կողմից իր նկատմամբ անօրինական վերաբերմունք է ցուցաբերվել: Նրա խոսքով՝ ինքն ընկերուհու հետ բնակարան է վարձակալել Արցախում: Փետրվարի 1-ին ուշ երեկոյան քաղաքով զբոսնելու ժամանակ, Ասյայի պնդմամբ, երեք ոստիկան է նրան մոտեցել և զգուշացրել, որ Ստեփանակերտում ծխելով և կապույտ մազերով չպետք է քայլել, ապա ֆիզիկական և հոգեբանական ճնշման են ենթարկել, ապա տարել բաժին, ծեծի ենթարկել, և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել:

Հավելենք նաև, որ Ասյա Խաչատրյանի  նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից հակաօրինական արարքներ կատարելու վերաբերյալ հայտարարության փաստով Արցախի Հանրապետության ոստիկանությունը ձեռնամուխ է եղել բոլոր հանգամանքների ստուգմանն ու ընթացավորմանը։